ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լուրեր

Լուրեր
05.08.2008 | 00:00

Ընդդիմության «բլիժնի կրուգում»
Հավաստի աղբյուրից ստացված տեղեկությունը հաստատում է, որ վերջերս տեղի է ունեցել արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակի գործիչների ընդհանուր հավաք, որտեղ քննարկվել են Հայ ազգային կոնգրեսի կառույցների ձևավորման հետ կապված խնդիրները։ Որպես կոնգրեսի կառույցների ձևավորման առաջնային մոդել, առաջարկվել է քաղաքացիների ընդունելության գրասենյակների ցանց բացել ամբողջ հանրապետությունով մեկ։ Սակայն քննարկման արդյունքում պարզվել է, որ շարժումն առայժմ չունի դրան համապատասխան կազմակերպական ու հատկապես ֆինանսական ռեսուրսներ, և նախաձեռնությունն առայժմ հետաձգվել է։
Վ. Մ.

Իշխանական «բլիժնի կրուգում»
Ըստ հավաստի աղբյուրների, անցած շաբաթ Սևանի «Հարսնաքար» համալիրում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «բարձրագույն» տնտեսական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր կազմում են նախագահի ամենամոտ շրջանակը։ Հանդիպման ավարտից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռացել է, կենաց ասելու ցանկություն է ունեցել Գագիկ Ծառուկյանը, սակայն համալիրի տերը՝ Ռուբեն Հայրապետյանը, ընդհատել է նրան՝ «քո ասած կենացը ոչ ոքի հետաքրքիր չի» արձանագրումով։ Ծառուկյանն էլ ի պատասխան նշել է թե` Հայրապետյանի կենացը խմելու մտադրություն չուներ։ «Հարսնաքարի» տիրոջ պահվածքը դուր չի եկել Հովիկ Աբրահամյանին, որը կովկասյան ձևով մատը բարձրացրել է վերև։ Սակայն Ռուբեն Հայրապետյանն այստեղ էլ ցույց է տվել, թե ով է տանտերը՝ ոչ այնքան քաղաքավարի դուրս հրավիրելով Հովիկ Աբրահամյանին, միաժամանակ ակնարկելով, որ շատ բան չվերցնի իր վրա, քանզի բոլորը գիտեն, թե նա քաղաքական ինչպիսի խաղերի մեջ է։
Վ. Մ.

Երիտասարդ թոշակառուի ավյունը
Բանից պարզվում է, որ երիտասարդ թոշակառու լինելը, միևնույն է, երիտասարդություն է, ինչը խթանում է մարդու ինքնահաստատման ձգտումը։ Ահա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ պարապ նստած չէ և, ըստ հավաստի աղբյուրների, երիտասարդական ավյունով ձեռնամուխ է եղել Հայաստանում բոլոր խոշոր ռուսական բիզնես-նախագծերն «իրենով անելու» գործընթացին ու շարունակ շփումների մեջ է Մոսկվայի պատկան շրջանակների հետ։ Ըստ հավաստի աղբյուրի, Քոչարյանը շատ է ձգտում ստանալ ոչ միայն «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարի պաշտոնը, այլև համակարգել Մեղրիում կառուցվելիք նավթավերամշակման գործարանի նախագիծը, որը կարևոր օղակ է ոչ այնքան Հայաստանի համար, որքան հատկապես ռուս-իրանական հարաբերություններում և, բնականաբար, մեծացնելու է նախկին նախագահի դերակատարությունը Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքում ընդհանրապես։ Նույն աղբյուրի պնդմամբ, նոր իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և խորհրդարանի հանրապետական մեծամասնության, խիստ դժգոհ է Քոչարյանի՝ իրենց գլխից թռչելու համառ փորձերից։
Մ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հանգանակությունը շարունակվում է
Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն հրապարակել է իրականացված հանգանակության արդյունքները և մինչև հուլիսի 31-ը քաղբանտարկյալների ընտանիքներին ցուցաբերած օգնության տվյալները: Ըստ այդմ, մինչև վերոհիշյալ ժամանակահատվածը Հայաստանի ու սփյուռքի նվիրատուների շնորհիվ հավաքվել է շուրջ 1 մլն 112 հազար դրամ և 4225 ԱՄՆ դոլար, որից, հուլիսի 24-ի դրությամբ, քաղբանտարկյալների հինգ անապահով ընտանիքի տրվել է 60 հազարական դրամի օգնություն: Օգոստոսի 1-ին 10 հազար դրամի օգնություն է ցուցաբերվել նաև քաղբանտարկյալներից մեկի որդուն, հաջորդ օրը քաղբանտարկյալների ևս վեց ընտանիքի հատկացվել է կրկին 60 հազարական դրամ:
Ռ. Խ.

Բա ձեզ պե՞տք է կարճաժամկետ համայնքապետությունը
Այս տարվա աշունը թեժ է լինելու ոչ միայն առկա ներքաղաքական զարգացումների, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության շնորհիվ: Թեկնածուները, հատկապես գործող համայնքապետերը, արդեն իսկ սկսել են գործի դնել գաղտնի, հաճախ էլ անթաքույց քարոզչական մեխանիզմները: ՏԻՄ ընտրությունների համար պետբյուջեից հատկացվել է 820,8 մլն դրամ, որից 568,7 մլն դրամը նախատեսված է հանձնաժողովների անդամների աշխատավարձի համար: Երեկ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի շուրջ 810 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է լինելու, որի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 12-ին: Համայնքապետերին` ամեն կիրակի իրականացվող ընտրությունն ավարտվելու է հոկտեմբերի 26-ին: Ըստ Ազարյանի` այս ընտրություններին որպես դիտորդներ մասնակցելու են և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի ընտրությանը` փաստելով. «Երբ «Երևանի մասին» օրենքն ԱԺ-ում ընդունվի և ուժի մեջ մտնի, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե կոնկրետ երբ է կայանալու Երևանի քաղաքապետի ընտրությունը»: Չնայած այս հանգամանքին, Ազարյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ն պետք է այսօրվանից տեխնիկական առումով պատրաստվի այդ ընտրությանը, քանի որ, օրենքի համաձայն, ԿԸՀ–ն հանդիսանալու է «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի վրա էլ դրված է Երևանի քաղաքապետի ընտրության կազմակերպումը»: Իսկ քանի որ «Երևանի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո թաղապետերի պաշտոնն այլևս ընտրովի չի լինելու, ապա «որքա՞ն ժամանակ կպաշտոնավարեն աշնանը Երևանի վեց համայնքում ընտրված համայնքապետերը» հարցադրմանը Ազարյանը պատասխանեց, թե «ամենայն հավանականությամբ, նրանք կպաշտոնավարեն մինչ 2009 թ.»:
Ազարյանը երեկ նաև տեղեկացրեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Ասլանյանը կփոխարինի Արտաշես Ավոյանին, որը պատգամավորի մանդատը վայր է դրել Անվտանգության խորհրդում նոր աշխատանքի անցնելու պատճառով: ԿԸՀ-ի աշխատանքային կազմում ևս փոփոխություն է տեղի ունեցել. Արաբկիր համայնքում առաջադրված Զոյա Թադևոսյանը, որը ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն էր, վայր է դրել իր լիազորությունները: Այսուհետև ԿԸՀ-ում նրան կփոխարինի կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ